07/10/2017 12:07
«Զանգի». Կապանում կրթական նոր նախագիծ է մեկնարկել. Աշակերտների հետ նաև ծնողները դպրոց կգնան
Սյունիքի մարզը շարունակում է զարմացնել հետաքրքիր մտահղացումներով ու կրթական օրիգինալ նախագծերով:
«Զանգի». այսպես է կոչվում կրթական նոր նախագիծը, որի հիմնական նպատակն է նպաստել մարզի բնակիչների, մասնավորապես, երեխաների և երիտասարդների, բնապահպանական, գյուղատնտեսական և տուրիստական ոլորտներում գիտելիքի զարգացմանն ու նորարարական հմտությունների ներդրմանը։
«Ծրագրի շրջանակում նախատեսվում է մարզի չորս քաղաքում՝ Սիսիան, Գորիս, Կապան և Մեղրի, հիմնել և շահագործել մեկական կրթական դասարան՝ քաղաքների դպրոցների բազայի հիման վրա», - ասում է Սյունիքի մարզի Զարգացման ու ներդրման հիմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյանը:
Նա նշեց, որ դասարաններին կից կառուցվելու են նորարարական՝ ակվապոնիկայի սկզբունքով գործող ջերմոցներ, որոնք գործելու են որպես կրթական բազա՝ գյուղատնտեսական և բնապահպանական դասընթացների համար։
«Ջերմոցների արտադրանքը նաև նպաստելու է համապատասխան դպրոցների կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանը», - նշեց նա:
Ծրագրի շրջանակում մշակվելու և ներդրվելու է երեխաների համար նախատեսված «Կենցաղային բնապահպանություն» դասընթացը, «Ակվապոնիկայի սկզբունքով ջերմոցների կառուցում և շահագործում» կիրառական դասընթացը։
Դասընթացի ընթացքում ներկայացվելու են ջերմոցային տնտեսության նորարարական մեթոդը, դրա առավելություններն ու եկամտաբերությունը, բնապահպանական նշանակությունը։ Դասընթացը մշակվելու է համապատասխան մասնագետի կողմից, ամեն դպրոցի համար ընտրվելու է մեկ դասընթացավար, որը դասընթացի հեղինակի կողմից ստանալու է համապատասխան վերապատրաստում:
Զինավոր Մեղրյանը նշեց, որ ծրագրի շրջանակում դպրոց են հրավիրվելու աշակերտների ծնողները։
«Այսինքն՝ բացի դպրոցի բարձր դասարանի աշակերտներից, գործնական գիտելիքներ են հաղորդվելու նաև նրանց ծնողներին։ Այն դեռևս իրականացվում է միայն Կապանի թիվ 1 դպրոցում, բայց դրա մեջ հետագայում ներառվելու են նաև Մեղրիի, Գորիսի, Սիսիանի մեկական դպրոցներ», - մանրամասնեց նա:
«Ակվապոնիկան նոր տեխնոլոգիայով աշխատող ջերմոց է, որը Հայաստանում վերջերս է սկսել կիրառվել։ Այն սիմբիոզային միջավայրում ավանդական ջրային տնտեսություն է, որը ապահովում է ջրի, ձկների և բույսերի անմիջական կապը։ Ակվապոնիկա համակարգով աշխատող ջերմոցում բույսերի աճեցման համար հողի փոխարեն օգտագործվում է ջուրը, իսկ բուծվող ջրային կենդանիներից ստացված արտազատումներն անմիջապես օգտագործվում է որպես օրգանական պարարտանյութ», - նշեց Կապանի թիվ 1 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Սիմոնյանը: