11/10/2017 20:50
«Փոխգործակցություն 2017». Օդուժ, հրետանի, տանկեր` զորավարժության կրակային փուլը. Ֆոտոշարք
Այսօր «Ալագյազ» լեռնային զորավարժարանում մեկնարկեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման «Փոխգործակցություն-2017» զորավարժության գործնական փուլը` մարտական կրակի կիրառմամբ:
Զորավարժության սցենարի համաձայն՝ ՀԱՊԿ անդամ սուվերեն պետության սահմանները փորձում է խախտել զինված խմբավորումը:
Միացյալ ուժերի հետախուզական ստորաբաժանումը զեկուցում է մոտ 30 կմ հեռավորության վրա հակառակորդի ակտիվության մասին, որից հետո որոշում է կայացվում այն ճնշել ավիահարվածով (Միգ29 կործանիչներով):
Օդ են բարձրացվում հետախուզական անօդաչուներ («Զաստավա»):
Ավիահարվածից հետո, սակայն, հակառակորդը, չնայած կորուստներին, բաժանվում է խմբերի ու շարունակում հարձակումը:
Միացյալ ուժերն անցնում են պաշտպանության, ինչի արդյունքում հակառակորդը ստիպված է լինում նահանջել: Պետական սահմանի ամբողջական վերականգնման համար ուժերը հետապնդում են հակառակորդին ու հեռացնում պետության սահմաններից: