11/10/2017 10:36
Հայաստանում մտադիր են միավորել զինվորական ծառայության մասին օրենսդրական դաշտը
Այսօր խորհրդարանում մեկնարկել են «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որի նպատակն է հանրությանը ներկայացնել օրենսդրական նոր կարգավորումների մասին առաջարկը։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այս նախաձեռնությունը մի քանի նպատակ է հետապնդում։
Նրա խոսքով՝ Պաշտպանության և զինվորական ծառայության մասին օրենքներում շատ հաճախ կարելի է հանդիպել օրենսդրական նույն կարգավորումները, հետևաբար անհրաժեշտություն առաջացավ ստեղծել մեկ միասնական օրենսդրական դաշտ։
Բացի այդ, ըստ նախարարի, Սահմանադրական փոփոխություններն ու պաշտպանական համակարգում ներդրված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը նոր լուծումներ են պահանջում։ Նախարարը մատնանշեց անելիքները, ասաց, որ կառավարման համակարգի համապատասխանեցում է լինելու Սահմանադրությանը, ինչպես նաև հստակեցվելու են Պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի գործառույթները։ Բացի այդ, արդիականացվելու են զորակոչային ծառայությունները։
Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջարկվող նոր օրենսդրական կարգավորման հիմքում ընկած է զինծառայողների հասարակական ինտեգրումն ապահովելը, բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, ամրապնդել հանրության վստահությունը Զինված ուժերի հանդեպ։