12/10/2017 12:09
«Փոխգործակցություն-2017» զորավարժություններին մասնակցում է 2500-ից ավելի անձնակազմ, 500 միավոր զինտեխնիկա և 25 թռչող սարք. Սիդորով
ՀԱՊԿ միացյալ ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների արդյունքում կարվեն համապատասխան եզրակացություններ ու կշտկվեն ի հայտ եկած թերացումներն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Նրա խոսքով` նման մասշտաբների զորավարժություն ՀՀ տարածքում անցկացվում է երկրորդ անգամ: Առաջին նման զորավարժությունը եղել է 2012-ին, սակայն «այս ընթացքում շատ բան է փոխվել»:
«ՀՀ տարածքում զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները: Ընդհանուր առմամբ ներգրավված է 2500 մարդուց ավելի անձնակազմ, մոտ 500 միավոր մարտական և այլ տեխնիկա ու 25 օդային միջոց: Մենք խորն ուսումնասիրություն ենք անցկացնում հատկապես ղեկավարման հարցերի հետ կապված», - ասաց Ա. Սիդորովը:
Նա ընդգծեց` զորավարժությունների սցենարով հակառակորդը պայմանական է ու չի ենթադրում որևէ կոնկրետ երկիր:
«Իհարկե, այս օրերի արդյունքներով կան որոշակի դիտարկումներ ու թերացումներ, եթե ամեն բան հարթ լիներ, միգուցե, կարիք էլ չլիներ աշխատել տարբեր զորավարժություններում: Դրա հետ մեկտեղ պետք է նշեմ առաջին հերթին սպայական անձնակազմի բարձր մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև անձնակազմի անձնազոհ գործողությունները: Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը բավականին բարձր է: Մենք կվերլուծենք բոլոր գործողություններն ու կարվեն որոշակի եզրակացություններ», - ասաց ՌԴ ԶՈւ գեներալ-գնդապետը: