12/10/2017 11:37
Մի լուսանկարի պատմություն Դավիթ Հակոբյանից. Ցանկանում էի լուսանկարել իմ նախագահին, սակայն կադրում միայն Նազարբաևը լավ դուրս եկավ
Հայաստանի Հանրապետության նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը Today.kz-ի թղթակցի հետ խոսել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանրահայտ դարձած վերջին լուսանկարի ստեղծման պատմության մասին:
Դավիթ Հակոբյանը ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչն է արդեն 7 տարի: Այդ ընթացքում, նա հասցրել է լինել ամենաբարձր մակարդակի բազմաթիվ միջազգային հանդիպումների: Նա խոստովանել է, որ չնայած լուսանկարը պատահական է ստացվել՝ նման կադր ցանկանում էր վաղուց ստանալ: Իհարկե, ի սկզբանե, գլխավոր հերոսը պետք է դառնար Սերժ Սարգսյանը:
«Ես լուսանկարելիս առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում լուսավորությանը, ֆոնին, կադրին: Ցանկանում էի լուսանկարել իմ նախագահին, բայց չստացվեց: Միայն Նազարբաևը լավ դուրս եկավ: Ես ի սկզբանե հենց այսպիսի կադր էլ ուզում էի: Նախագահը ինձ չէր նայում. 50 լուսանկարիչ կանգնած, սպասում էր, թե երբ ղեկավարները կմտնեն սրահ, և նա ինձ չէր նայում, այլ բոլորին: Ես ավելի լավ լուսանկար չէի էլ կարող պատկերացնել, կադրն ուժեղ է դարձել Նազարբաևի ինքնավստահ հայացքի ու քայլվածքի շնորհիվ: Կարծում եմ, ցնցող լուսանկար է ստեցվել դրա շնորհիվ», - ասել է Դավիթ Հակոբյանը: