12/10/2017 14:02
Այդտեղ բարդ բան չկա. Վարչապետը՝ միասնական երթուղային ցանց ստեղծելու մասին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստում ներկայացրեց, որ հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց։
Դրա շրջանակներում, ըստ նախարարի, հնարավոր կլինի արդյունավետ ուղևորափոխադրում կազմակերպել գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև՝ դեպի Երևան:
Արձագանքելով նախագծին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, թե տրանսպորտային ցանցը պետք է այնպես առաջարկել, որ բնակավայրերը դուրս չմնան քարտեզից.
«Նախատեսում ենք տրամաբական ցանց կառուցելուց հետո երկարատև պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողը համոզված լինի, որ երկարատև աշխատանք ունի, ներդրում կատարի, նորմալ տրանսպորտ բերի»։
Տրանսպորտի նախարարն ասաց, որ օրենքն ընդունելուց հետո մարզերից մեկում պիլոտային ծրագիր կիրականացնեն և մրցույթ կհայտարարեն։ Կուսումասիրվի պիլոտային ծրագիրը, դրա դրական և բացասական կողմերը:
Վարչապետը հետաքրքվեց նաև նախատեսվող ժամկետներով, ինչին ի պատասխան Վահան Մարտիրոսյանն ասաց, որ առաջիկա 2-3 ամսում կիրականացվի պիլոտը, իսկ ցանցը՝ ավելի խորը ուսումնասիրելուց հետո:
«Ժամկետներ դժվարանում եմ նշել, բայց երևի մեկ տարվա մեջ», - ասաց Վահան Մարտիրոսյանը։
«Չէ: Առաջին «կվարտալի» վերջ պիլոտային արդյունքների հիման վրա մենք ցանցը նայում ենք: Այդտեղ բարդ բան չկա», - արձագանքեց վարչապետը։