14/10/2017 12:00
Վերից վար պատասխանատվության կենթարկեն այն պաշտոնատար անձինք, ովքեր մատների արանքով կնայեն «Դիլիջան» ազգային պարկի պահպանությանը. Նախարար
Նախօրեին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը այցելել էր «Դիլիջան» ազգային պարկ, Տավուշի մարզի իրավապահ կառույցների, համայնքների ղեկավարների, նախարարության աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների, «Պանտերա սեքյուրիտի» պահնորդական կազմակերպության աշխատակիցների հետ քննարկվել ազգային պարկում ապօրինի ծառահատումների դեմ իրականացվող միջոցառումների ընթացքը և արդյունքները:
Հանդիպումից հետո արդեն մի խումբ մարդիկ այցելել էին «Դիլիջան» ազգային պարկի Շամախյանի տեղամասի ուղեփակոց, քաշքշել պահնորդներին, հրդեհել ուղեփակոցը։
Բայց մինչ այդ, նախարարը ներկայացրեց իրականացված աշխատանքները՝ մատնանշելով նաև անելիքները։
« 2016թ. լայնամասշտաբ ստուգումներ սկսեցինք «Դիլիջան» ազգային պարկում՝ հասկանալու համար, թե պահպանությունն ինչ վիճակում է գտնվում, ինչ հատումներ են արձանագրավել: Դիլիջան ազգային պարկի շուրջ 60 տոկոսի ստուգումների արդյունքում արձանագրվեց 6 հազարից ավելի ապօրինի ծառահատում: Զեկուցվեց նախագահին, ուղարկվեց գլխավոր դատախազություն, մարզային դատախազություն, քրեական գործ է հարուցվել», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ նախագահի կողմից խիստ հանձնարական է եղել բոլոր ուժային կառույցներին, բնապահապնոթւյան նախարարությանը, տեսչական մարմնին, «Դիլիջան» ազգային պարկին, այնպես անել, որ որևէ ապօրինի ծառահատում տեղի չունենա, որովհետև «Դիլիջան» ազգային պարկը հատուկ պահպանվող տարածք է և այստեղից ծառահատումը նշանակում է ամբողջ պահպանության համակարգը փլուզել և երկրի զարգացման համար լուրջ վտանգ ստեղծել: Նախագահը նաև մարզում է խորհրդակցություն ունեցել, նույն խիստ հանձնարականները տվել իրավապահ մարմիններին:
«Պետք է արձանագարել, որ մեր աշխատանքները հաջող են ընթանում, բայց, այնուամենայնիվ, հսկայական բացեր ունենք: Չենք թաքցնելու այդ բացերը, դրանք չենք քողարկելու: Հակառակը, պետք է կարողանանք իրար հետ աշխատել և այդ բացերը փակել, խախտումները ենթարկել կոնկրետ պատասխանատվության: Սա մեզ համար սկզբունքյաին հարց է», - նշեց Արծվիկ Մինասյանը։
Նախարարը թվարկեց այս ընթացքում իրականացված գործողությունները.
««Դիլիջան» ազգային պարկում կադրային ու կառուցվածքային փոփոխություններ են կատարվել: Նոր տնօրեն, փոխտնօրեններ, պատասխանատուներ են նշանակվել, 24-ժամյա պահպանության ռեժիմի համար ներգրավվել է մասնավոր պահնորդական կազմակերպություն՝ «Պանատերա սեքյուրիթի»-ն, վերանայվել են մի շարք լիազորություններ, հանրության հետ աշխատանքներ են տարվում՝ բացատրական, քարոզչական, էկոդաստիարակչական, որը, ցավոք, այս պահի դրությամբ լիարժեք արդյունք չի տալիս: Եթե այս ուղղությամբ լուրջ հաջողություն չարձանագրենք, արդյունք չի լինի: Մեր քաղաքացիների հետ պետք է ամենօրյա աշխատանքներ տարվեն»։
Արծվիկ Մինասյանը հիշեցրեց նաև, որ այս ընթացքում երկու անգամ միջպետական ճանապարհ է փակվել. «Իհարկե, ոչ անմիջական կամ ուղղակի պնդմամբ, «Դիլիջան» ազգային պարկին վերաբերող, բայց նաև՝ ներառող: Իսկ սա նշանակում է, որ ազգային պարկում հսկողությունը տվել է որոշակի արդյունք, բայց այն դեռևս բավարար չէ»:
Նախարարը նաև հայտարարեց՝ ամենախիստ պատասխանատվությունն են կրելու բոլոր անձինք.
««Դիլիջան» ազգային պարկի վերից վար բոլոր այն պաշտոնատար անձինք ու պատասխանատուները, որոնք մատների արանքով կնայեն, կամ իրենց անգործությամբ չեն ապահովի պատշաճ պահպանությունը»:
Արծվիկ Մինասյանն ասաց, թե իր համար շատ բան անհասկանալի է, երբ համայնքի բնակիչների մեծ մասն, այնուամենանայնիվ, մտածում է, որ անտառ է, ուրեմն պետք է ամբողջությամբ ավերել, ապօրինի հատումներով փորձել սեփական եկամուտը ապահովել:
Դա, ըստ նախարարի, ընդունելի ձև ու մոտեցում չի:
«Առավել ևս, որ ապօրինի անտառահատումների թիկունքում կանգնած են մարդիկ, ովքեր հովանավորում են, շատ հաճախ փորձում են հանրային ցանկությունը դարձնել իրենց սեփական եկամուտի աղբյուր: Մենք պետք է նրանց բացահայտենք ու ներկայացնենք պատասխանատվության: Այստեղ երկրորդ կարծիք չկա: Չի կարող մարդը մտածել , որ բնապահապանական տեսակետից բարձրաժեք անտառը, որը այդ հատվածի նույն բնակիչների, երկրի, ապագա սերունդների համար կարևորագույն հատված է, պետք է ոչնչացնի: Դա պետք է բացառենք»,-ընդգծեց Մինասյանը։
Նա ասաց նաև, թե որևէ մեկը չպետք է մտածի, որ մտնելով այս պայքարի մեջ, կարող է ընթացքում կամ արանքում որոշակի անձնական, խմբային, նյութական շահ հետապնդել:
«Որևէ բնակիչ իր տաքանալու, իր ընտանիքի ջերմությունը ապահովելու համար որևէ խնդիր չի կարող ունենալ: Թափուկն այդ անտառում տալիս է այդ հնարավորությունը; Բայց երբ որ բնակիչը մտածում է, որ ինքը, այնուամենայնիվ, պահպանվող ծառը ոչնչացնի, հատի, որպեսզի իր այլ եկամուտի աղբյուրներ գտնի, սա անթույլատրելի է»,-եզրափակեց նախարարը։