14/10/2017 10:09
Մինչև տարեվերջ Հայաստանում կկարգավորվի այլ երկրի համարանիշով մեքենաների խնդիրը. «Ժողովուրդ»
Հայաստանում ռուսական համարանիշով մեքենաները դարձել են իսկական գլխացավանք: Այս մեքենաների վարորդները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանք չեն վճարում, քանի որ տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում: Արդյունքում՝ նրանք մեքենան վարում են, ինչպես ուզում են՝ հաճախ դառնալով վթարի պատճառ: Դեռևս 2015 թվականին այս մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը՝ խիստ հրահանգելով, որ երթևեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար: Սակայն հրահանգից 2 տարի է անցել, ու ոչ մի արդյունք: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից թերթը հետաքրքրվել է, թե ՃԵ կանոնները խախտելու համար վերջապես ե՞րբ են տուգանվելու մասնավորապես ռուսական համարանիշով ավտոմեքենաների վարորդները: Նա պատասխանել է, թե «…հիմնական տեխնիկական խնդիրներից մեկն այն է, որ անհրաժեշտ է պարզել այլ երկրի տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ տվյալները: Հիմա ստեղծվել է սահմանային անցակետերի էլեկտրոնային տվյալների համատեղ համակարգ»:
Ըստ նրա՝ մինչև տարեվերջ խնդիրը կկարգավորվի: