16/10/2017 15:59
Վահան Մարտիրոսյանն ու ՀՀ-ում Կանադայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Կանադայի միջև տրանսպորտային փոխադրումները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին և Հայաստանում Կանադայի դեսպանության նախարար-խորհրդական Անիկ Գուլեին, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին հայ-կանադական ՏՀՏ համաժողովի անցկացմանն աջակցելու, այդ ոլորտում համագործակցության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Նա նշել է, որ երկու երկրների միջև ՏՀՏ ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ է տեսնում և ուրախ կլինի գործակցական հարաբերությունները զարգացնելու նաև ճանապարհաշինության, տրանսպորտի, երկաթուղային կառուցվածքների, ինժեներական տեխնոլոգիաների ոլորտներում։
Նախարար Վահան Մարտիրոսյանը, ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձել է միասնական երթուղային ցանց ստեղծելու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերում կանադական ընկերությունների մասնակցության հնարավորությանը։ Նա նշել է, որ եթե կանադական ընկերություններին հետաքրքրի, առաջիկայում կարող են քննարկումներ կազմակերպել և առավել հանգամանալի ներկայացնել ծրագրերի մանրամասները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ՏՀՏ ոլորտի մի շարք ծրագրեր կիրառելու, համատեղ ծրագրերում այդ ոլորտի հայ մասնագետների կարողությունները ներգրավելու հնարավորությունները, Հայաստանի և Կանադայի միջև տրանսպորտային փոխադրումներին առնչվող մի շարք հարցեր։