16/10/2017 14:55
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը քաղաքական դրական ֆոն կձևավորի, որտեղ վիզաների ազատականացման ծրագիրը տեղից կշարժվի. Թևան Պողոսյան
Թեև վիզաների դյուրացման գործընթացն առանձին է Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրած համագործակցության մասին նոր փաստաթղթից, սակայն համաձայնագրի ստորագրման դեպքում այդ գործընթացը կարագանա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը։
«Ամբողջ աշխարհը փորձում է ազատ տեղաշարժից օգտվել, իսկ վիզաները միշտ սահմանափակումներ են ունենում։ Սա միայն դրական արդյունքներ կարող է ունենալ։ Ստորագրելով համաձայնագիրը, այն քաղաքական դրական ֆոնն է ձևավորվելու, որտեղ վիզաների ազատականացման ծրագիրը տեղից կշարժվի, կլինեն բանակցություններ, ծրագրի հաստատում, իրականացում և վերջնական որոշում», - ասաց Թևան Պողոսյանը։
Մեկ այլ պարագայում, ըստ Պողոսյանի, կարող են շատ դանդաղեցնել, առանձին երկրներ կարող են իրենց խնդիրները բարձրացնել։
«Իսկ հիմա այդ ամենը կլուծվի և Հայաստանը վիզաների դյուրացումից կանցնի դեպի վիզաների երկխոսության ծրագրի և ապագայում կունենա առանց վիզայի այցելություններ ԵՄ անդամ 28 երկիր», - ասաց Թևան Պողոսյանը՝ նշելով, որ մնացած այլ երկրների հետ էլ արդեն կամ կան առանց վիզաների այցելություններ, իսկ որոնց հետ էլ չկան, ապա պետք է անհատական երկկողմանի բանակցեն։
Դիտարկմանը, թե կան կասկածներ և մտավախություններ, որ կարող է կրկնվել 2013 թվականի սեպտեմբերի 3-ի սցենարը, Թևան Պողոսյանը հակադարձեց.
«Չի կարող կրկնվել, քանի որ արդեն կարող եք տեսնել, թե քանի քայլ ենք առաջ կատարել։ Հայաստանն արդեն նախաստորագրել է համաձայնագիրը, սեպտեմբերի 3-ի դասերը քաղել է, հրապարակել է փաստաթուղթը` ցույց տալով, որ դա թափանցիկ է»։
Թևան Պողոսյանն ասաց, թե ավելի վաղ, երբ ինքը պատգամավոր էր, տարբեր առիթներով բարձրացրել է հարցը, թե ցանկացած բաժին կամ գլուխ, որը բանակցվում է, պետք է հրապարակել։
«Այն ժամանակ դա չի արվել, հիմա արդեն մեկ ամիս առաջ փաստաթուղթը հրապարկվել է։ Սրանով և՛ Հայաստանը, և՛ ԵՄ-ն ասում են, որ որևէ գաղտնիք չկա», - նշեց Թևան Պողոսյանը։
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը քաղաքական դրական ֆոն կձևավորի, որտեղ վիզաների ազատականացման ծրագիրը տեղից կշարժվի. Թևան Պողոսյան