16/10/2017 11:59
Սերբիան պաշտպանում է Հայաստանի՝ ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը. Սերբիայի ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ հարաբերությունների շարունակական կատարելագործումը՝ հիմք ընդունելով հայ-սերբական բարեկամական հարաբերությունների բազմամյա պատմությունը: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ակտիվ երկխոսության ձեւավորումը, բարեկամական խմբերի փոխայցերը, որոնք կարող են նպաստել Հայաստանի և Սերբիայի միջև ոչ միայն երկկողմ, այլ նաև միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանն ու մի շարք հարցերի շուրջ համաձայնեցված աշխատանքին:
Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ Արա Բաբլոյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը հայկական կողմը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
«Մեր երկիրը կարևորում է փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը. շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերը», - ասել է պարոն Բաբլոյանը:
Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը նույնպես կարևորել է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, տարբեր հարթակներում փոխգործակցությունը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Մայա Գոյկովիչը փաստել է, որ Սերբիան պաշտպանում է Հայաստանի՝ ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը:
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև կապերի զարգացումը տարբեր ոլորտներում:
Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հրավիրել է Սերբիա: