17/10/2017 13:58
Օրինագիծը մեզ են պարտադրել համապատասխան ուժերը, Հայաստանում ընտանիքը վերացնելու, պղծելու, ահավորացնելու համար. Վարդան Բոստանջյան
Ամբողջ հասարակությունը խոսում է այն մասին, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծը համապատասխան ուժերը պարտադրել են մեզ, այս օրենքը ՀՀ-ում ընտանիքը վերացնելու, պղծելու, ահավորացնելու համար է, ԱԺ-ում օրինագծի շուրջ լսումների ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
«Հնարավոր չի՞ այս ամենը ընտանեկան օրենսգրքով և այլ մոտեցմամբ կարգավորել։ Դուք ստիպված ի՞նչ բստրածին բաներ եք ասում՝ «տնտետսական բռնություն», «հոգեբանական բռնություն», էս ի՞նչ բռնություններ են», - նշեց պատգամավորը՝ հարց ուղղելով արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին։
Վերջինս նկատեց, որ օրենքի կարևորությունը նոր չէ և գործընթացը դեռ 2014 թվականից է սկսվել ու հիմա հասել է իր տրամաբանական հանգրվանին։
«Հեշտ գործ չէ ՀՀ-ին որևէ բան պարտադրելը, և եթե նկատի ունեք մեր միջազգային պարտավարությունները, ապա ՄԱԿ-ի շրջանակներում մենք համապատասխան հանձնարական ու պարտավորություններ ունենք, որոնք ստանձնել ենք կամովին և դրանք պետք է կատարենք», - ասաց փոխնախարարը։
Ի պատասխան Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ 2014 թվականն իրեն չի ապակողմնորոշի.
«Ուրեմն պարտադրանքը 2014 թվականից է եղել», - ասաց նա՝ նշելով, որ մի շարք կարևոր խնդիրներ կան, որոնք թողած` հայկական ընտանիքի հարցերով են որոշել զբաղվել։