17/10/2017 14:56
Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ. 1.5 միլիոն գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց Անդիաս Ղուկասյանին 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
«Դատավոր Վարդան Գրիգորյանն այս գործով չի կարող անաչառ քննություն վարել ու դա է պատճառը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու»,- նշեց պաշտպանը:
Բացի այդ, պաշտպանը նշեց, որ դատարանը պաշտպանական կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատական նիստերի ժամանակ։
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ այն անհիմն է։
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կազմակերպված խմբի կողմից զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով: