17/10/2017 13:19
Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀ–ում Կանադայի դեսպանը կարևորել են համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին, տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերությունները կայուն զարգանում են, երկու երկրներն ունեն բարեկամության ու համագործակցության լավագույն ավանդույթներ:
ՀՀ ԱԺ փոխնախագահն այս համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:
Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը: Քյուրի խոսքով՝ տարին յուրահատուկ է նրանով, որ նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը: Կարևորվել է համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: