17/10/2017 10:10
Պաղաղբյուրի դպրոցի փակման հետևանքով աշակերտ ունեցող ընտանիքները հեռացել են գյուղից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լոռու մարզի Պաղաղբյուրի գյուղապետ Արուսյակ Դումիկյանը հայտնել է, որ Պաղաղբյուրի միջնակարգ դպրոցի փակման պատճառով նախորդ տարի աշակերտ ունեցող ընտանիքները հեռացել ու տեղափոխվել են Մեծավան գյուղ։ Նա նշել է, որ դպրոցը փակվել է 2016թ.-ի փետրվարի 1-ին: Գյուղի աշակերտները ուսումը շարունակում են Մեծավանի և Ձյունաշողի դպրոցներում.
«Իրենք ընտանիքներով տեղափոխվեցին Մեծավան, ամառը այստեղ են ապրում, ձմռանը` Մեծավանում: Մեծավանում շատ ազատ տներ կային, խոսեցինք, տեղափոխվեցին էնտեղ»,- նշել է վերջինս՝ ավելացնելով, որ դպրոցը չի փակվել, պարզապես միացվել է Մեծավանի դպրոցին.
«Աշակերտների թիվը երբ կշատանա, կբացենք»:
Գյուղապետի խոսքով` դպրոց փակման հետ կապված գործազուրկ են դարձել գյուղի դպրոցի բոլոր աշխատակիցները, բացի պահակից.
«Դպրոցը նախարարությունով չի փակվել, եթե երեխաների թիվը ավելանա` անմիջապես կբացեն»:
Գյուղապետի խոսքով` գյուղից ժամանակավոր հեռացումը բնակչության մոտ դժգոհություն չի առաջացրել.
«Մենք սարերի արանքի գյուղ ենք, բոլորից կտրված, ոչ խանութ ունենք, ոչ տրանսպորտ ունենք, ամեն ինչ կտրված գյուղ է…էնտեղ երևի ավելի լավ է»:
Թերթը հիշեցնում է, որ Պաղաղբյուր համայնքը 103 բնակիչ ունի: Սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: