17/10/2017 11:47
Մանր ժուլիկություն է ՌԴ թիկունքում նրանից խոսելը. Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանի պատվիրակության մասին
Ադրբեջանական պատվիրակությունը փորձում է օգտագործել ՆԱՏՕ ԽՎ-ն որպես հակառուսական պլատֆորմ, լրագրողների հետ զրույցում ամփոփելով ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներն` ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ ընդդեմ Հայաստանի, բայց դա մանր ժուլիկության է նման՝ ՌԴ թիկունքում, նրանց պատվիրակության բացակայության պարագայում, նման բաներ ասելը, իսկ հետո գնալ եղբայրական համաձայնագրեր կնքել նրանց հետ», - նշեց Էդմոն Մարուքյանը։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ ընդգծեց, որ Ադրբեջանը փորձել է առաջ քաշել այն հարցը, թե ՌԴ-ն Հայաստանին արտոնյալ պայմաններով է զենք տրամադրում, մինչդեռ հայկական պատվիրակությունը հակադարձել է՝ պնդելով, որ Ադրբեջանը ՌԴ-ից և մի շարք այլ երկրներից հարձակվողական սպառազինություններ է ձեռք բերում։
«Նրանք նպատակ ունեին Արմտյան երկրների ներկայացուցիչների մոտ ցույց տալ,որ ՌԴ-ն կանգնած է Հայաստանի կողքին ու զինում է նրան», - նշեց Կորյուն Նահապետյանը։