17/10/2017 13:27
Եթե ընտանիքն աղքատ է, ապա պիտի՞ մեղադրանք ներկայացվի, որ տնտեսական բռնության է ենթարկում երեխային. Նաիրա Զոհրաբյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մտավախություն ունի, որ «Ընտանեկան բռնութան կանխարգելման մասին» օրինագիծը հաջողությամբ չի պսակվի։ Պատգամավորի խոսքով՝ փորձ է արվում իրականություն ներմուծել օրենք, որի կերտվածքները մեր մտածելակերպին հատուկ չեն։
«Նախագծի համաձայն՝ ոստիկանությունը, որպես կանխարգելիչ միջոցառում, իրավունք ունի արգելել ծնողի և երեխայի տեսակցությունը, բայց չե՞ք կարծում, որ սա սահանափակում է ՀՀ սահմանադրության 37-րդ հոդվածը՝ համաձայն որի միայն ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կարող է սահմանափակվել երեխաների և ծնողների տեսակցությունը», - նշեց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը նաև ընդգծեց, որ օրինագիծը չի նպաստի ընտանիքի ներընտանեկան հաշտության ամրապնդմանը.
«Եթե հայրը, դաստիարակչական մղումներից ելնելով, երեխայի հետ կոպիտ խոսի, պետք է աշխատանքից վերադառնալով տեսնի՞, որ մի ոստիկան այնտեղ կանգնած 100 մետրից չի թողում նա մոտենա», - հարցրեց պատգամավորը։
ՀՀ արդարադատության փոխնախարարն ընդգծեց, որ ծնողների և երեխաների տեսակցության սահմանափակումները միայն դատարանի որոշմամբ են լինելու, իսկ օրենքում խոսքը ոստիկանության կողմից երեխաների տեսակցության ժամանակցույց սահամնելու մասին է.
«Այսպես նախատեսվելու է, թե ինչ կարգով տվյալ անձը պետք է տեսակցի երեխաներին», - նշեց նա։
Գևորգ Պետրոսյանը նաև հետաքրքրվեց` ի՞նչ է նշանակում «տնտեսական բռնություն»՝ նշելով, որ նման անորոշ հասկացությունն անհասկանալի է։
Վիգեն Քոչարյանն էլ նշեց, որ տնտեսական բռնություն ասելով օրինագիծը նկատի ունի երեխային այնպիսի պարագաներից զրկելը, որոնց նկատմամբ նա ունի օրենքով սահմանված իրավունք, ինչպես օրինակ բնակարանից կամ սնունդից։
ԱԺ փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ 1 միլիոնից ավելի աղքատ ընտանիքներ կան, որոնք չեն կարողանում իրենց երեխաներին ապահովել անհրաժեշտ պարագաներով երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։
«Ընտանիքը նշված պայմանները չի կարողանում ապահովել, որովհետև պայմանններ չկան, և այստեղ մեղավորը ոչ թե տվյալ ընտանիքն է, այլ մեր կառավարությունն ու մեր իշխանությունը, մեր ապաշնորհ ղեկավարումը, հիմա այդ ընտանիքին պիտի՞ մեղադրանք ներկայացվի, որ ինքը տնտեսական բռնության է ենթարկում երեխային», - նշեց Զոհրաբյանը։
Փոխնախարարը պատասխանեց, որ օրինագծում կոնկրետ ձևակերպում կա և խոսքն այն դեպքերին է վերաբերում, երբ երեխային դիտավորությամբ են զրկել նման պայմաններից։