17/10/2017 15:27
«Ընտանեկան բռնութան կանխարգելման մասին» օրենքը կարող է օգնել, ոչ թե խանգարել. Նելլի Դուրյան
ՀՀ-ում ընտանեկան բռնությունները բավական շատ են, խորհրդարանում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
Վերջինս ներկայացրեց վիճակագարական տվյալներ՝ ընդգծելով, որ 2012 թ-ին գրանցվել է ընտանեկան բռնության 728 դեպք, 2016-ին՝ 756 դեպք:
«2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որից 142-ով քրգործ է հարուցվել: Իգական սեռի ներկայացուցիչներին բռնության ենթարկելու 1791 դեպք է գրացվել: Անչափահասների նկատմամբ բռնութան 146 դեպք է գրանցվել, որից սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ հանցագործությունները 52-ն են», - նշեց նա:
Նելլի Դուրյանի խոսքով՝ հայ ընտանիքներում բռնության դեպքեր են լինում, ուստի պետք է արվի ամեն ինչ, զոհերին, ինչպես նաև բռնություն կիրառած մարդկանց օգնելու նպատակով։
«Կարծում եմ, որ այս օրենքը դրան է միտված: Տարեկան 500-600 երեխա, կին բռնության է ենթարկում։ Սա համարել քիչ, այդքան էլ տեղին չէ», - ասաց Նելլի Դուրյանը՝ ավելացնելով, որ բռնության դեմ օրենքը կարող է օգնել, ոչ թե խանգարել: