17/10/2017 10:37
Հայաստան-ԵՄ համաձայնագրում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումն անընդունելի է Ադրբեջանի համար. «Առավոտ»
«Հայաստանի հետ նախաստոագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հրապարակվեց Եվրահանձնաժողովի և Հայաստանի փոխադարձ համաձայնությամբ։ Սա այն փաստաթուղթն է, որը Եվրահանձնաժողով համաձայնեցրել է և ուղարկել Եվրոպական խորհրդին, որը հաստատելու համար պետք է ստանա անդամ երկրների համաձայնությունը։
Սա հարցի իրավական կողմն է, բայց շատ ավելի կարևոր է քաղաքական կողմը։ Չեմ բացառում, որ փաստաթղթի հրապարակմամբ ԵՄ-ն որոշակի ուղերձ հղեց նախ այն պետություններին, որոնք դեռևս չեն թարգմանել համաձայնագրի տեքստը, ինչպես նաև այն երկու պետություններին, որոնք փորձում են Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրում ալիևյան դիրքորոշմամբ ձևակերպումներ մտցնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ համաձայնագրի տեքստը հրապարակվեց Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպումից առաջ։
«Փաստաթղթում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումն ընդհանուր առմամբ ընդունելի է հայկական կողմերի և անընդունելի Ադրբեջանի համար։ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման դեպքում, նշեմ, որ այն անժամկետ է, ԵՄ անդամ պետությունները ԼՂ հակամարտության հարցով պետք է առաջնորդվեն փաստաթղթում ամրագրված ձևակերպմամբ։ Սա, ի դեպ, ևս հակասում է այն քաղաքականությանը, որը տանում է Ադրբեջանն այսօր»,- նշեց նա։