17/10/2017 16:49
«Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագրի շրջանակում 1800 մարդու անվճար տրամադրվել են լսողական սարքեր. ծրագրի արժեքը մոտ 1 մլն դոլար է
Լսողության խնդիր ունեցող 1800 մարդու «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագրի շրջանակում անվճար տրամադրվել են լսողական սարքեր։ Ծրագիրն իրականցվում է «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադրամի ու «Արաբկիր» միացյալ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։ Ծրագրի մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ամերիկացի բարերար, «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր, «Սթարկի» հիմնադրամի նախագահ Բիլ Ասթընի հետ։
- Պարոն Ասթըն, ինչո՞ւ որոշեցիք նման ծրագիր իրականացնել Հայաստանում։
- Այս աշխարհը մեկ միասնական ընտանիք է, և ավելի լավ է մենք օգնենք միմյանց, քան սպանենք։ Եթե հնարավորություն ունենք մեկին օգնելու, պետք է օգնենք։ Ուզում եմ նշել, որ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր ոք և մենք բոլորս այս աշխարհում ենք բարություն անելու համար, որպեսզի բոլորը հավասար ապրեն։ Եթե մենք հնարավորություն ունենք այդ բարությունն անելու և օգնելու դիմացինին, ապա անպայման պետք է անենք դա։
- Ծրագրի շրջանակում քանի՞ հոգու է լսողական սարք տրամադրվել։
- Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում և Հայաստանում նման սարքեր տրամադրվել է մոտ 3 միլիոն մարդու։ Միայն Հայաստանում մոտ 1800 մարդ է օգտվել ծրագրից՝ ստանալով 3500-3600 սարք։ Գիտեք, այստեղ մեր նպատակը ոչ թե լսողական սարքեր տրամադրելն է, այլ բարություն անելը, որովհետև երբ մարդիկ հեռվից գալիս հասնում են այստեղ և բարություն են անում, դրանով լավ դաս են տալիս աշխարհին, հարստություն են բերում մարդկությանը, որ օգնեն իրար, հիմնական գաղափարը դա է։ Սա նաև օգնում է, որ աշխարհում ստեղծվի խաղաղություն։
- Առաջի՞ն անգամ եք Հայաստանում նման ծրագիր իրականացնում։
- Այո, սա առաջին անգամն է, բայց ոչ վերջին։ Մենք կշարունակենք գալ ու ժողովրդին ցույց տալ, որ իրենք մեզ համար կարևոր են ու Հայաստանի ապագայի հարցում կփորձենք մեր կարողության չափով ներդրում անել։
- Որքա՞ն է մեկ լսողական ապարատի արժեքը։
- Եվրոպայում այդ ապարատները վաճառվում բավականին թանկ : Բայց այստեղ արժեքը չէ կարևոր, այլ կարևոր է այն, որ մարդը սկսում է լսել, ընտանիքի հետ շփվել, ոչ ոք այդ արժեքը չի կարող ասել։ Մեր գաղափարն է հնարավորինս օգուտ տալ հնարավորինս շատ մարդկանց։
Aysor.am-ի տեղեկություններով, ծրագրի արժեքը Հայաստանում կազմել է մոտ 1 մլն դոլար:
Ի դեպ, այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ամերիկացի բարերար, «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր, «Սթարկի» հիմնադրամի նախագահ Բիլ Ասթընին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, իսկ ամերիկահայ բարերարներ Քավուկջյանների ընտանիքին առողջապահության և սոցիալական ոլորտներում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով: