17/10/2017 19:23
Նոր Նորք վարչական շրջանում անցուղիներից մեկն անվանակոչվել է Պավել Սաֆյանի անունով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում ներկա է գտնվել ՀԽՍՀ պետական գործիչ, Նոր Նորքի առաջին ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Պավել Սաֆյանի անունով անցուղու անվանակոչման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Բազմաթիվ նորնորքեցիների հետ միասին միջոցառմանը ներկա է գտնվել նաև Նոր Նորք վարչական շրջանից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:
Կարևորելով անցուղու անվանակոչման նախաձեռնությունը՝ միջոցառման բանախոսները նկատել են, որ Պավել Սաֆյանն իսկապես կարևոր դերակատարում է ունեցել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի կառուցման ու զարգացման գործում: Պավել Սաֆյանի դուստր Անահիտ Սաֆյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին անվանակոչման նախաձեռնությամբ հանդես գալու և այն կյանքի կոչելուն նպաստելու համար, նկատել է, որ իր հոր վաստակի հանդեպ հարգանքի նման դրսևորումը ոչ միայն բարոյական, այլ նաև սերունդներ կրթելու խորհուրդ ունի, քանի որ, նախորդների արածն արժևորելով, մենք դաստիարակում ենք իսկապես արժանապատիվ սերունդ:
1972 թ. հենց Պավել Սաֆյանին է վստահվել Երևանի նորաստեղծ Խորհրդային շրջանի կուսշրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, որտեղ աշխատելով ավելի քան 11 տարի, նա անջնջելի հետք է թողել նորաստեղծ Նոր Նորքի կառուցման, զարգացման և կայացման գործում: