17/10/2017 13:44
Վարչապետին կից 20-ից ավելի խորհուրդներ կան, որոնք չեն գործում. Վահե Էնֆիաջյան
Վարչապետին կից կան 20-ից ավելի խորհուրդներ, որոնք չեն գործում, ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի լսումների ժամանակ դժգոհություն հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդին, որը ևս պետք է գործի վարչապետին կից։
«Այս տենդենցով ուզում եք մեզ լավատեսությու՞ն հաղորդել: Բայց ընտանիքում տեղի ունեցող բռնությունների պատճառները սոցիալական են։ Եթե այդ խորհուրդների բիզնես, սոցիալական թեմաներով նիստերը տեղի են ունեցել 5-6 տարի առաջ, ինչի՞ մասին է խոսքը», - նշեց պատգամավորը։
Արդարադատությսան փոխնախարար Վիգեն Քոչարյանն էլ նշեց, որ գործող խորհուրդները կարևոր դերակատարություն են ունենում գործադիր իշխանության ու հանրության երկխոսության ապահովման գործում։
«Կառավարության հիմնական նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների ընտանիքների նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, և կարծում եմ՝ կառավարության գործող ծրագիրը դրան է միտված», - եզրափակեց փոխնախարարը։