17/10/2017 12:55
Ընտանեկան բռնություն գործած ենթադրաբար մեղադրվող անձը կկարողանա բողոքարկել որոշումը. Վիգեն Քոչարյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԱԺ-ում ընթացող «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանից, թե արդյոք օրենքում անմեղության կանխավարկածի նկատմամբ ոտնձգություններ չկա՞ն և ի՞նչ է նշանակում, «ենթադրաբար բռնություն գործադրած անձ»։
«Որքանո՞վ է նման անձը պաշտպանված զերծ մնալ սադրանքից», - հետաքրքրվեց պատգամավորը։
Ի պատասխան՝ փոխնախարարն ընդգծեց, որ «ենթադրաբար բռնություն գործադրած անձ» սահմանումը պայմանավորված է անմեղության կանխավարկածի պաշտպանությամբ։
«Հակառակ դեպքում կստացվեր, որ նախնական իրավիճակի նույնականացման ընթացքում մենք այդ մարդուն արդեն իսկ ընտանեկան բռնություն գործադրող պիտի ճանաչենք, այն դեպքում երբ դատական որոշումը բացակայում է։ Դրանից խուսափելու համար համապատասխան անձին, մենք ենթադրաբար ընտանեկան բռնություն գործած անձ ենք համարում՝ դրանով իսկ անմեղության կանխավարկածը պաշտպանելով», - նշեց փոխնախարարը՝ ընդգծելով, որ ենթադրաբար մեղադրվող անձը կարող է բողոքարկել որոշումը։
Մանե Թանդիլյանը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ խորհուրդը, որը պետք է ստեղծվի, կից է վարչապետին, այլ ոչ ԱԺ-ին։
«Այստեղ շահերի բախում եմ տեսնում, ինչո՞ւ ոչ ԱԺ հանձնաժողովին է կից, այլ վարչապետին», - հետաքրքրվեց Մանե Թանդիլյանը։
Վիգեն Քոչարյանն էլ նկատեց, որ ԱԺ գործառույթները սահմանադրությամբ են ամրագրված և դա գործադիր իշխանության գործառույթն է։
«Այդ խորհուրդը գործադիր իշխանության ղեկավարին կից է ձևավորվել, բայց բովանդակային առումով վերազդելու հնարավորություն գոյություն չունի, քանի որ այն աշխատելու է իր առանձին աշխատակարգով, իր օրակարգը ինքն է որոշելու և ազատ է լինելու այս ոլորտին վերաբերող ռազմավարություն, ծրագրեր առաջարկությունների տեսքով գործադիրի ղեկավարին ներկայացնելու հարցում», - նշեց նա։
Պատգամավորը նաև մտահոգություն հայտնեց առ այն, որ ոստիկանությունը չի կարողանա պատճաշ միջամտություն ցուցաբերել և առաջարկեց մասնագիտացված ոստիկանական մարմին ստեղծել, փոխնախարարն էլ նկատեց, որ օրենքը նախատեսում է մասնագիտացված ստորաբաժանումներ ունենալու հարցը։