17/10/2017 16:35
Հետաքննիչն ասում էր՝ ի՞նչ պիտի անես, գնա, ապրի. բոլոր ընտանիքներում էլ ամուսինները կանանց ծեծում են. Բռնություն վերապրած կին
Կան շատ կանայք, որոնք թե´ վախի մթնոլորտում, թե´ դրանից դուրս գալուց հետո չգիտեն՝ ինչ պիտի անեն, ինչ օղակի պետք է դիմեն, որ զգան իրենց պաշտպանված, խորհրդարանում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի վերաբերյալ լսումների ժամանակ ելույթով հանդես եկավ նաև վերապրած կանանցից Հասմիկ Խաչատրյանը, ով իր խոսքով բռնության է ենթարկվել 9 տարի շարունակ։
«Հետաքննիչն ինձ ասեց՝ ի՞նչ պիտի անես, հել, գնա, ապրի, բոլոր ընտանիքներում էլ ամուսինները կանանց ծեծում են։ Բոլոր ընտանիքներում էլ կանայք ենթարկվում են, երբ ամուսինները ծեծում են: Երբ արդեն տեղ չունեի գնալու, ինձ ընդունեցին Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում: Ես այնտեղ երկար ժամանակ բնակվել եմ, որովհետև չկար ուրիշ տեղ, որ ես ինձ ապահով կարող էի զգալ և բռնության չենթարկվեի», - պատմեց Հասմիկ Խաչատրյանը։
Խոսելով ապաստարանների մասին՝ Հասմիկ Խաչատրյանը նշեց, որ ինքը երկար ժամանակ ապաստարանում է գտնվել, որտեղ էլ իրեն ապահով է զգացել:
«Չկար այլ վայր, որտեղ ես կկարողանայի ապահով զգալ ինձ, ես դուրս եմ եկել գիշերը ու կյանքս փրկելու համար առանց իմ երեխաների ուղղակի փախել եմ: Ամիսներ շարունակ չէի կարողանում տեսնել երեխաներիս, հայրն ասում էր՝ երբ կգնաս, դիմումը կվերցնես ու կասես, որ ես չեմ ծեծել, այն ժամանակ կկարողանաս տեսնել երեխաներիդ: Տղայիս ԴԱՀԿ-ից հարցնում էին՝ ուզո՞ւմ ես գնալ մոր մոտ, թե ոչ, բայց տղաս ասում էր՝ չէ, որովհետև նա չգիտեր էլ, թե մայրը ինչ պատճառով է գիշերվա կեսին հեռացել: Ես 9 տարի մնացել են այդ պայմաններում, քանի որ վախեցել եմ, որ իմ երեխաներին չեն տա: Այս օրենքով ինչ-որ դուռ թակելով՝ կինը կկարողանա իրեն պաշտպանված զգալ ու չի հանդիպի այնպիսի խոչընդոտների, ինչպիսին ես եմ հանդիպել», - նշեց բռնություն վերապրած կինը։