17/10/2017 12:47
«Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրինագծն ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը. փոխնախարար
Օրական երկու անգամ ընտանեկան բռնությունների դեպքերի վերաբերյալ դիմում են ոստիկանություն, որից 17 %-ն ուղղակիորեն կապված է ընտանեկան բռնության հետ, այս մասին խորհրդարանում «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրինագծի լսումների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։
Նա ընդգծեց` օրինագիծն ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանն, իսկ օրինագծի ընդդիմադիրների պնդումներն առ այն, որ բռնությունը դատապարտելու համար քրեական օրենսդրություն կա, ամբողջությամբ չեն արտացոլում ընտանիքի պաշտպանության հարցը։
«Քրեական օրենսդրություն կա, կարող են ասել՝ թող տա գլուխը ջարդի, սպանի, ի՞նչ ա եղել` կգնա պատժի կենթարկվի։ Զոհը կգնա գերեզման, երեխան էլ որբ կմնա, հիմա այս երկու մոտեցումներից ո՞րն է ուղղված ընտանիքի պաշտպանությանը, այն որ մենք կանխարգելու՞մ ենք բռնությունները, թե՞ քրեական պատասխանատվության ենթարկում»,- ասաց նա։
Փոխնախարարը նաև կարևորեց այն հանգամանքը, որ օրինագիծը առաջարկում է ապաստարաններ տրամադրել բռնությունից տուժածներին։
«Եթե նման օրենսդրական կարգավորում չունենք և պետական ու իրավապահ մարմինները ստիպված են ինչ-ինչ ՀԿ-ների դիմել, որպեսզի նրանք բռնությունից փրկված անձանց դիմեն, որ մայրը մի քանի երեխաներով կարողանա մի տեղ ապաստան գտնել, մենք այդ իրողությունը նորմալ չենք կարող գնահատել և այս ոլորտում պետությունը համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկի, հենց դրան է նվիրված քննարկվող օրինագիծը»,- նշեց նա։
Փոխնախարարը նաև նընդգծեց, որ համապատասխան օրենսդրություն կա աշխարհի 120 պետություններում, ինչպես օրինակ մեր հարևան Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և այլն։