18/10/2017 10:05
ԱԱԾ-ն սկսել է զբաղվել «Հարավկովկասյան երկաթուղիներում» առկա ապօրինությունների ուսումնասիրությամբ. «Ժամանակ»
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում։ Երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում հատկապես ուղևորափոխադրումների մասով միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս։ Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում։ Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու կրած վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։ Իսկ ՀԿԵ-ը վնասով է աշխատում սկսած 2011 թվականից։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի նախարարության հանձնարարությամբ երկու շաբաթ առաջ ստուգում է իրականացվել երկաթուղում, միայն մեկ օրվա մեջ մեկ ուղղությամբ էլեկտրագնացքում առանց տոմսի 150 ուղևոր է հայտնաբերվել։
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն սկսել է զբաղվել այս ապօրինությունների ուսումնասիրությամբ, առաջիկայում բավական աղմկոտ սկանդալը բացառված չէ։