18/10/2017 09:59
Պատգամավորների մի մասը տեղյակ չի եղել ՊՆ-ում կազմակերպված քննարկումից. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Երկուշաբթի ՊՆ-ում ԱԺ որոշ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում կառուցվելիք ռազմարդյունաբերական համալիրին վերաբերող քննարկում: Մասնակցել են նախարար Վիգեն Սարգսյանը և փոխնախարար, Ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: Քննարկումը, դատելով պաշտոնական հաղորդագրությունների ժլատությունից, եղել է խիստ կոնֆիդենցիալ, մասնակիցները պարտիզանի նման լռում էին՝ ասելով, որ հրահանգ է եղել չխոսել այդ մասին:
ՊՆ հաղորդագրության մեջ ասված է միայն, որ «հանդիպման ընթացքում պատգամավորներին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերության մի շարք նորագույն արտադրատեսակներ, դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Ընդգծվել է, որ մարտական հերթապահության ընթացքում նոր արտադրատեսակների կիրառումը առանձին ուղղություններով էապես փոխել է ուժերի հարաբերակցությունը` հակառակորդի գործողությունները դարձնելով առավել վերահսկելի և կանխատեսելի»: Ընդ որում՝ պատգամավորների մեծ մասն անգամ տեղյակ էլ չէր, որ նման քննարկում է տեղի ունեցել: Մասնակցել են հիմնականում «Ելքի» ու ՀՀԿ-ի անդամները՝ Շուշան Պետրոսյան, Շիրակ Թորոսյան, Շուշան Սարդարյան, Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Մանե Թանդիլյան և այլք:
Հիշեցնենք, որ համալիրի կառուցումն առավել արդիական դարձավ ապրիլյան պատերազմից հետո: Սակայն առավել տարօրինակ է, որ ՊՆ-ն հաղորդագրության մեջ նշել է, որ ԱԺ պատգամավորները գոհունակություն են հայտնել հանդիպման ձևաչափի կապակցությամբ»։