18/10/2017 10:17
Հուշագրերի դրույթների կիրառումը կդառնա տարածաշրջանում մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության ամրապնդման լավագույն դրսևորումներից. Աղվան Հովսեփյան
Երևանում այսօր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն երկկողմ փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների հետ:
«Հուշագրերի ստորագրումը նոր էջ է բացում Քննչական կոմիտեների փոխգործակցության համար՝ հնարավորություն տալով խորացնել համագործակցությունը մինչդատական վարույթի ոլորտում, փորձագիտական հետազոտությունների նոր մեթոդների, քրեագիտական ձեռքբերումների, մասնագիտական վերապատրաստումների, գիտագործնական սեմինարիների, գիտոժողովների անցկացման, ինչպես նաև համատեղ կարևորություն ունեցող մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման համար», - հուշագրերի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ հուշագրերի դրույթների կիրառումը կդառնա տարածաշրջանում մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության ամրապնդման լավագույն դրսևորումներից մեկը:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Երևան են ժամանել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի ՔԿ նախագահ Իվան Նոսկևիչը: