18/10/2017 14:37
Կառավարությունը գերատեսչական բռնություն է գործադրում Ազգային ժողովի նկատմամբ. Գևորգ Պետրոսյան
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանի դիտարկումը, թե պատգամավորը կարող է տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցության արգելքի վերանալուց հետո, զայրացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։
«Ինչ անմեղ, ինչ լավ մեկնաբանություն ա։ Այսօր խոշտանգման դեպքի հետ կապված ահազանգ է եղել, և այս առումով պարոն Մախմուդյան, շատ ավելի լավ բան առաջարկեմ։ Թող մարդուն դատապարտեն ազատազրկման և նա 10 տարի կնստի, դուրս կգա, կգնաք հանգիստ մի հատ «կաֆեում» կնստեք կքննարկեք, ինչ կարիք կա գնալ ՔԿՀ-ներ», - ասաց Փաշինյանը՝ ԱԺ-ում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ։
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց տեսակցության արգելք չդնել այն անձանց վրա, ովքեր օրենքի 48-րդ հոդվածի համաձայն իրավունք ունեն տեսակցել անձին, մինչդեռ հանձնաժողովը մերժեց առաջարկը։ Փաշինյանը նաև առաջարկեց հստակ սահմանում տալ տեսակցություն բառին։
«Ես ասում եմ տեսակցության արգելքն օգտագործվում է մուտքի ու ելքի անարգել իրավունքը խոչընդոտելու համար, Թովմասյանն ասում է, որ վիրահատարանում կարող են մուտքը արգելել։ Կարան ասեն՝գիտեք ինչ խալաթ հագեք, դիմակ դրեք, բայց ես կարամ մտնեմ, տեսնեմ ընդեղ, իրոք. վիրահատություն ա, թե մեկի եղունգները քաշում են», - նշեց պատգամավորը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը համաձայնեց այն մտքի հետ, որ պետք է հստակեցնել «տեսակցություն» բառի սահմանումը, իսկ հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ թեև կառավարության կողմից կա առաջարկ հոդվածում ոչինչ չփոխել, բայց կարելի է որոշակի հստակություն մտցնել։
«Կառավարության կողմից կա առաջարկ ոչինչ չփոխել, հոդվածը թողնել նույնը: Ես ինքս դեմ եմ քվեարկելու սրան, բայց համաձայն եմ կանոնակարգելու պատգամավորի տեսակցության խնդիրը: Եթե խցում կա մարդ, որի հետ տեսակցությունն արգելված է, իսկ պատգամավորը ցանկանում է մուտք գործել այդ խուց, ապա պետք է ողջամիտ ժամկետ սահմանվի, որպեսզի անձին հանեն խցից և պատգամավորը կարողանա մուտք գործել այդ խուց», - նշեց Հրայր Թովմասյանը:
Վերջնիս արձագանքը զարմացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին.
«Ստացվում է, որ ձեր և կառավարության տեսակետը չի համընկնում: Դուք բացեր տեսնում եք, իսկ կառավարությունը` ոչ:
Կառավարությունը գերատեսչական բռնություն է գործադրում Ազգային ժողովի նկատմամբ»։
Հանձնաժողովը մերժեց նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկը։