18/10/2017 16:01
Կարող եմ ոչ թե կես ժամ, այլ երեք ժամ էլ հարցեր տամ. Հրայր Թովմասյանը` Փաշինյան-Գեղամյան միջադեպով էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ
ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի կարծիքով էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով «Ելք» խմբակցության ներկայացրած փաստաթղթում բավարար հիմքեր չկան։
«Դուք ձեր բանավոր խոսքո՞ւմ պետք է ասեք, թե ինչ է եղել։ Այստեղ չկան դրա հիմքերը։ Ձեր ձևակերպումը հետևյալն է՝ էթիկայի նորմերի խախտումը բռունցքներով հարվածելն է, ուրիշ ձևակերպում գոյություն չունի», - «Ելք» խմբակցության պահանջով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ասաց Հրայր Թովմասյանը։
Հարցով հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանն էլ ընդգծեց, որ իրենք միայն արձանագրել են՝ ՀՀԿ-ական պատգամավորը բռունցքով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա.
«Մենք փաստերը չենք մանրամասնել՝ թողնելով դա հանձնաժողովին», - նշեց Ա. Զեյնալյանը։
«Այսինքն լրացուցիչ որևէ ապացույց տվյալ միջադեպի հետ կապված, դրանից հետո և դրան նախորդող դեպքերի վերաբերյալ չունե՞ք», - հետաքրքրվեց Հրայր Թովմասյանը, ինչին ի պատասխան Արտակ Զեյնալյանը նկատեց, որ իրենք առաջնորդվել են փաստի արձանագրմամբ, որն արդեն ապացույց է։
Հրայր Թոմասյանն էլ նշեց, որ միջադեպի մասին միայն փաստում են կողմերից մեկի ֆեյսբուքյան գրառումները։
Հանձնաժողովի նախագահի հարցերը զայրացրին Նիկոլ Փաշինյանին, ով նշեց.
«Կես ժամա հարցեր եք տալիս, տե՞նց ա»։
Հրայր Թովմասյանն էլ արձագանքեց.
«Այո, ես կարող եմ ոչ թե կես ժամ, այլ երեք ժամ էլ հարցեր տամ։ Հարցի քննարկումն, ի տարբերություն լիագումար նիստի, սահմանափակված չէ»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոյանն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հարցը քննարկվում Արտաշես Գեղամյանի բացակայությամբ, Թովմասյանն էլ ընդգծեց, որ դա Գեղամյանի իրավունքների խախտում չէ, քանի որ դեռ ընդամենը քննարկվում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որը պետք է քննի Գեղամյանի վարքագիծը։
«Եթե որոշակի փուլում տեսնենք, որ մյուս կողմին լսելը կարևոր է, կարող ենք ընդհատել նիստը և շարունակել նրա ներկայությամբ», - ասաց Հրայր Թովմասյանը։