18/10/2017 13:13
Հրայր Թովմասյանը խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանին Աղայանի բացատրական բառարանը կարդալ
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը, որը սահմանում է անձանց այն շրջանակը, ովքեր, առանց հատուկ թույլտվության, ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի և մուտքի իրավունք ունեն, չի գործում։
«Օրենքն ասում է նաև, որ ԱԺ պատգամավորը անարգել կարող է մտնել ՔԿՀ՝ առանց հատուկ թույլտվության և արգելքի։ Սա նշանակում է, որ ԱԺ ատգամավորները քրեակատարողականում գտնվող ցանկացած անձի մոտ կարող են մուտք գործել, բայց պրակտիկայում պատահում է հետևյալը. մենք մոտենում ենք իքս խցիկ ու մեզ ասում են, որ չեն կարող թույլ տալ, որովհետև այնտեղ գտնվում է կալանավորված անձ, որի հետ տեսակցությունները նախաքննության մարմինները սահմանափակել են», - ասաց նա՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ։
Փաշինյանն ընդգծեց, որ 2-3 շաբաթ առաջ նույն խնդրին առնչվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, որտեղի վարչակազմը հրաժարվել է իր առաջ է բացել մի ամբողջ մասնաշենքի դուռ։ Պատգամավորի խոսքով՝ նման արգելքներ որպես կանոն դրվում են այն մարդկանց հետ հանդիպումների վրա, որոնց քրգործերը քաղաքական հնչեղություն ունեն։
«Ես ակնկալում եմ, որ ՔԿՀ-ում չլինի դուռ, որ ԱԺ պատգամավորի առաջ չի կարող չբացվել», - ասաց նա, ապա նկատեց, որ կառավարության մոտ շփոթմունք է առաջացել, քանի որ ՀՀ օրենսդրությունն ու ենթաօրենսդարական ակտերը հստակ սահմանում են, որ տեսակցությունը տեղի է ունենում տեսակցություններ համար նախատեսված վայրում. «Խցում տեսակցության ինստիտուտ ՀՀ-ում գոյություն չունի, հետևաբար պատգամավորի մուտքն արգելել, ասելով, որ դա կլինի տեսակցություն, ապսուրդ է»:
Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ հետաքրքրվեց, թե ի՞նչ կոնտեքստով է պատգամավորը հասկանում տեսակցություն բառը։
«Պարոն Փաշինյան, Դուք տեսակցություն բառը զուտ քրեականական իմաստո՞վ եք ընկալում, թե՞ կարծում եք, որ այլ բովանդակություն ունի։ Ձեզ ծանո՞թ է Ղազարոս Աղայանի բառարանում «տեսակցություն» բառի սահմանումը», - հետաքրքրվեց Հրայր Թովմասյանը։
«Ոչ, ծանոթ չի», - ասաց Փաշինյանը։
«Տեսակցություն է նաև բանտում գտնվողի հետ հանդիպումը։ Քերականական իմաստով մեր ընկալման տեսակցությունը նաև հանդիպումն է, դուք էլ, որ բացեք հոմանիշների բառարանը, կտեսնեք։ Այսինքն, եթե տեսակցությունը հանդիպումն է, իսկ խուց մտնելուց չես կարող ասել ես իրեն չհանդիպեցի, արդյոք այս դեպքում ևս Դուք շարունակում եք պնդել, որ քերականական իմաստով տեսակցությունն իր մեջ հանդիպումը չի ներառում», - մանրամասնեց Հրայր Թովմասյանը։
«Պարոն Թովմասյան, երևի դուք ուշադիր չէիք, ես տալիս եմ նույն էդ հարցը, չեք կարող պատասանել, մի կռիվ արեք։ Ասում եմ՝ եթե հսկիչը ամեն օր դուռը բացում ա, ներս ա մտնում էդ խուց և հանդիպում ա կալանավորին, մինդչեռ նրա հետ տեսակցությունն արգելված է, ի՞նչ է դա։ Ուրեմն ձեր մեկնաբանմամբ, ըստ Աղայանի բառարանի, եթե տեսաացության արգելք է իրականացվում, ուրեմն նրան պիտի նետենք տարտարոսը, որպեսզի որևէ մեկը նրա հետ չհանդիպի», - հավելեց Փաշինյանը։