18/10/2017 11:40
Ո՞վ էր Ուժգորոդում սպանված հայ գործարար Նիկողոսյանը
Ուժգորոդում սպանված «Ապարան» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը քաղաքում հայտնի և հարգանք վայելող ձեռնարկատեր էր, հայտնում է Depo.Закарпатье-ն:
Նա Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչն էր, աջակցում էր քաղաքի հայ համայնքին, որպես մեկենաս ակտիվորեն մասնակցում էր մարզական միջոցառումներին:
Սակայն ավելի մեծ ցնցում է հարուցել Նիկողոսյանին սպանողի մասին տեղեկությունը: Ձեռնարկատիրոջը սպանել է նրա երկարամյա բիզնես գործընկեր և ընկեր Վարդան Թովմասյանը, ում Ուժգորոդում ևս լավ են ճանաչում: Նա չի թաքնվել, իրավապահները նրան ձերբակալել են հանցագործության վայրում:
Նիկողոսյանը ծնունդով Հայաստանի Ապարան քաղաքից էր, հենց այսպես է հետագայում նա անվանել իր ձեռնարկությունը: Ակտիվորեն սպորտով էր զբաղվում, բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ էր, ԽՍՀՄ հավաքականի անդամ է եղել, հաղթել է համամիութենական մրցումներում, եղել է Եվոպայի մրցանակակիր:
Հայտնի չէ, թե ինչն է եղել սարսափելի սպանության պատճառը: Ասում են, որ նախկին բիզնես գործընկերների միջև փողի պատճառով վեճեր են ծագել բիզնեսը բաժանելուց հետո:
Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվածին արդեն հայտնել են, որ իրեն կասկածում են դիտավորյալ սպանություն կատարելու համար: Կասկածյալին ձերբակալել են և տեղափոխել մեկուսարան: