18/10/2017 15:47
Հայաստանում միսը թանկացել է 10-15 տոկոսով, ձուկը` 30 տոկոսով
Հայաստանում մսի և ձկնամթերքի շուկաներում ունենք թանկացումներ, Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Մսի գնի բարձրացումը կազմում է մոտավորապես 10-15 տոկոս: Մեր ունեցած տեղեկություններով` մսի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է արտահանման ավելացմամբ, այսինքն մեծ պահանջարկը բերել է դրան»,- ասաց Ա. Շաբոյանը:
Անդրադառնալով ձկան գնի բարձրացմանը` ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ տարվա սկզբից ձկնամթերքի գնի աճը կազմում է մինչև 30 տոկոս:
«Սա պայմանավորված է Ռուսաստանում ձկան ներմուծման գծով ընթացակարգերի պարզեցմամբ, հեշտացմամբ: Դրա արդյունքում` ձկան արտահանման ծավալները դեպի Ռուսաստան այս տարվա ընթացքում մեծ չափով ավելացել են և մեծ պահանջարկը առաջ է բերել ներքին շուկայում գների բարձրացում»,- ասաց Ա. Շաբոյանը: