19/10/2017 15:22
2017-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը
2017 թ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը. ՀՀ նախագահի նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը։
«Մրցանակակիրը նոյեմբերի 14-ին երկու օրով ժամանելու է Հայաստան, առանձնազրույց է ունենալու երկրի նախագահի հետ, տեղի է ունենալու մրցանակի պաշտոնական հանձնման արարողությունը: Նախատեսված է նաև վարչապետի հետ հանդիպում, կշնորհվի պատվավոր դոկտորի կոչում»,-ասաց Մուսայելյանը՝ հավելելով, որ Թոնի Ֆադելը հանդիպում կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ Մատենադարանի դահլիճում:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, նպաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների: