19/10/2017 14:24
Սիրիական ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց` հայությունը հաճախ հայտնվում է գլոբալ մարտահրավերների կիզակետում. ՀՀ ԱԳ նախարար
Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ՝ Հայաստանը բարոյական պարտավորվածություն է զգում բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ, Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այս առումով Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված վերջին նախաձեռնություններից էին 2015թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ և ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրվա վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Այս ջանքերը շարունակվելու են»,- նշել է նա:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է,որ հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը:
«Ցավոք, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս չարիքից: Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողություններն ակնհայտորեն վկայում են կոնվենցիայի արդիականության մասին: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ դատապարտեց ահաբեկչական խմբավորումների այս գործողությունները: Ցավոք, սիրիական արհավիրքը չի շրջանցել մեր հայրենակիցներին, ովքեր զրկանքներ են կրում սիրիացի ժողովրդի, այլ էթնիկ և կրոնական խմբերի հետ միասին: Սիրիական ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մոլորակի բոլոր ծայրերում ունենալով հարյուրավոր համայնքներ, աշխարհասփյուռ հայությունը հաճախ հայտնվում է տարբեր գլոբալ մարտահրավերների կիզակետում: Հայաստանն իր միջազգային ներգրավվածության ընթացքում լիովին հաշվի է առնում տվյալ հանգամանքը, ներառյալ` կանխարգելման ջանքերում, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, փախստականների և միգրանտների խնդիրներին անդրադառնալիս, խաղաղապահ առաքելություններին մասնակցելիս, ահաբեկչության դեմ պայքարում ջանքեր ներդնելիս»,- նշել է ՀՀ արտգործնախարարը: