19/10/2017 15:34
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի նախագահի և Բեռլինի հայ համայնքի հետ
Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումների շրջանակում Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերը հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, տեղեկացնում է Մայր Աթոռի սուրբ Էջմիածնի մամուլի ծառայութունը:
«Հրաշափառ»-ի արարողությունից հետո Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես ասել է. «Գոհունակություն և քաջալերություն է մեզ համար, որ ամուր է ազգանվիրումի և եկեղեցասիրության ոգին Գերմանիայում բնակվող աստվածասեր մեր հավատավոր զավակների: Ամենայն գնահատանքի է արժանի թեմի շինությանն ու ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացին ձեր բերած նպաստը, ինչպես նաև նոր սերնդի հայեցի դաստիարակության կարևոր գործի հանդեպ ձեր նախանձախնդրությունն ու հոգածությունը, ազգային ոգու փոխանցումը ձեր զավակներին, ինչի վկայությույնն է ձեր համախմբումը դարավոր մեր Եկեղեցու շուրջ և ակտիվ մասնակցությունը ազգային-եկեղեցական կյանքին»
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշել է Գերմանիայի Հայոց հովվությունում բերած իր ծառայությունը, Բեռլինում մատուցած պատարագները, ինչպես նաև այդ տարիներին գերմանաբնակ հայորդիների բարի աջակցությունը:
Անդրադառնալով Գերմանիայի հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքում նկատվող դրական զարգացումներին, առաջընթացին և նոր ձեռքբերումներին` Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել համայնքի անդամների աստվածսիրության ու հայրենասիրության ոգին և դրանցից ծնված բարի գործերը` հորդորելով մշտապես զորավիգ ու զորակից լինել Հայրենիքին: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել նաև թեմակալ առաջնորդին, հոգևոր դասին, թեմական, համայնքային վարչությունների անդամներին` մաղթելով առավել կորով ու եռանդ` Գերմանիայի հայոց թեմի ազգային-եկեղեցական կյանքը նոր իրագործումներով հարստացնելու և համայնքում պայծառություն ու բարօրություն հավելելու համար: