19/10/2017 14:12
Ոստիկանությունն առգրավել է Այնթապի գյուղապետի մեքենայի համարանիշերը
Արարատի մարզի Այնթապի գյուղապետի մեքենայի ռուսական պետհամարանիշերը առգրավվել են:
«Ո՞ւմ հովանավորության ներքո է Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարն իր անձնական օգտագործման մեքենան վարում ռուսական պետհամարանիշերով: Չէ՞ որ տարիներ շարունակ այդ մեքենան նա վարել է հայկական պետհամարանիշերով»,- ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվել էր Facebook-յան օգտատեր Անահիտ Հարությունյանը:
Աշոտ Ահարոնյանն էլ արձագանքել է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ նշված օ369вт199рус համարանիշերով երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմոբիլը հայտնաբերվել է:
«Վարորդը փոխարինված հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոց վարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ համարանիշերը առգրավվել են՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար»,- հավելացրել է Ա. Ահարոնյանը: