19/10/2017 18:16
Եվրոպական դատարանն ինչո՞ւ է ճշմարտությունից ու արդարությունից հեռու մնում. Արամ Ա-ն Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով ՄԻԵԴ-ի մոտեցումն անարդար է համարել
Բրյուսելում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից անցկացվող Եվրոպահայերի 4-րդ համագումարին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը քննադատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հապճեպ որոշումն ու անարդար մոտեցումը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով:
«Հակառակ Թուրքիայի զորեղ ու նույնիսկ սպառնացող հակազդեցության, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերից ելնելով որոշ երկրների վերապահության՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է», - ասել է նա:
Արամ Ա-ն հայտարարել է, որ ներկայիս Թուրքիան շարունակությունն է Օսմանյան Կայսրության:
«Հետևաբար, այն չի կարող ուրանալ Հայոց Ցեղասպանությունը և անտեսել հատուցումը», - նշել է Արամ Ա Կաթողիկոսը:
Արամ Ա. Կաթողիկոսը ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության բացած դատը թուրք պետության հետ՝ պահանջելով Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը։
Արամ Ա-ն նշել է, թե անակնկալի են եկել, երբ Եվրոպական Դատարանի դատավորը մերժել է ընդունել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատական գործը:
«Ինչպես կարող է պատահել, որ միջազգային իրավագետների ու Եվրոպական Դատարանի մասնագետների կողմից պատրաստված ավելի քան 900 էջերից բաղկացած ու պատմաիրավական լուրջ հիմնավորումներով ներկայացված թղթածրարի ընդունելը մերժվի անհատ դատավորի կողմից: Ինչպե՞ս է Եվրոպական Դատարանը թելադրում դատը հղել Թուրքիայի դատարաններին`քաջ իմանալով, որ հարյուրավոր դատավորներ, փաստաբաններ, նույնիսկ սահմանադրական դատարանին պատկանող և Սիսի Դատի իրավական հանձնախմբին պատկանող փաստաբանները բանտարկված են։ Մարդկային իրավունքների ջատագով Եվրոպական Դատարանը ինչո՞ւ է ճշմարտությունից ու արդարությունից հեռու մնում », - ասել է նա` շեշտելով, որ այս երևույթը ընդվզում է առաջացնում հայ ժողովրդի մոտ, ինչպես նաև բոլոր նրանց, որոնք հավատում են ու պայքարում արդարության ու մարդկային իրավունքի համար:
«Մեր ժողովուրդը պիտի շարունակի իր պայքարը ի խնդիր արդարության և մենք պիտի հետապնդենք Սիսի Կաթողիկոսարանի դատը թե՛ թուրքական դատարանների մոտ և թե՛ Եվրոպական Դատարանից ներս», - հավելել է Արամ Ա Կաթողիկոսը: