19/10/2017 14:35
Չկա ավելի հետաքրքիր մասնագիտություն, քան մանկավարժությունն է. Արամ Սիմոնյան (Տեսանյութ)
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նպատակ ունի մեկտեղել տարբեր երկրների գիտնականներին ու մանկավարժներին՝ քննարկելու և վերլուծելու կրթության ու մանկավարժության ոլորտում առկա հիմնախնդիրները:
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված երկօրյա գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի, Նիդերլանդների, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Վրաստանի կրթական ոլորտի մասնագետերն ու փորձագետները:
«Մեր նպատական է մեկտեղել մանկավարժներին, հասկանալ ու ճանաչել՝ ինչպիսի ձեռքբերումներ կան մեր երկրներում, դա կնպաստի փորձի փոխանակմանը, իսկ փոխճանաչումը բերում է նաև զարգացման: Բացի այդ, մեր նպատակը բոլոր երկրների միջև համագործակցության եզրեր ստեղծելն է: Իմ խորին համոզմամաբ՝ գիտնականների սերտ ու արդյունավետ համագործակցությունը կարող է նպաստել երկրների կիթության և գիտության զարգացմանը», - լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանը:
Վերջինս ընդգծեց, որ միջոցառմանը մասնակցում են նաև հայաստանյան մի շարք բուհերի ներկայացուցիչեր, այդ թվում և ուսանողներ, որոնք կկարողանան ուսանողական նստարանից ճանաչել ոլորտում առկա հիմնախնդիրները:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ ողջույնի իր խոսքում կարևորեց մանկավարժների դերը սերնդի ապագայի հարցում՝ նշելով, որ հենց մանկավարժներն իրենց փորձով պետք է նպաստեն երիտասարդների զարգացմանն ու կայացմանը:
«Կարծում եմ, որ չկա ավելի հետաքրքիր մասնագիտություն, քան մանկավարժությունն է, որովհետև մեր ձեռքում կա գործիք, որն օգնում է ստեղծել ապագայի մարդուն: Նման հանդիպումները նվիրված են բնագավառի հիմնախնդիրներին և դրական են ազդում 21-րդ դարի կրթական դերի ըմբռնման վրա», - նշեց ԵՊՀ ռեկտորը:
Գիտաժողովին ներկա Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր, գիտաժողովի համակազմակերպիչ Թիլման Ալլերտն ընդգծեց, որ կարևոր է համարում ուսումնասիրել, թե ինչպիսի հիմնախնդիրներ կան արդի մանկավարժության մեջ: Պրոֆեսորը հույս հայտնեց, որ կոնֆերանսի արդյունքում կլինի համատեղ որոշում, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կառավարել կրթական գործընթացը:
«Իմ համոզմամբ՝ մանկավարժության կարևորագույն ասպեկտներից մեկն ամենօրյա հաղորդակցությունն է: Այս առումով մենք ունենք անելիքներ: Պետք է հասկանալ այս գործընթացի մանրամասները: Կարևոր է ընկալել, թե ինչպես է ուսուցիչը ստեղծում իր նյութերը, ինչպես է մատուցում դրանք 40 րոպեի ընթացքում, ինչպես է կազմակերպում դասը, առհասարակ ինչպես է հաղորդակցվում աշակերտների հետ: Սրանք շատ կարևոր ասպեկտներ են մասնկավարժության ապագայի համար, և հենց այս հմտություններին պետք է ուշադրություն դարձնել», - նշեց նա: