19/10/2017 17:02
ՀԵՀ-ը կփոխհատուցի ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կփոխհատուցի ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը:
Բուհերում ուսանողների ուսման վարձի փոխհատուցուման ծրագրերն իրականացվում են ՀՀ Նախագահի հանձնարարականով, ինչը միտված է նպաստելու կրթության մատչելիության ապահովմանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած և բուհերի առկա համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների ուսման վարձը։
ՀԵՀ-ը նշված ուսանողների համար կհատկացնի 20 տոկոս (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների համար՝ 10 տոկոս) փոխհատուցում 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար։ Երիտասարդական հիմնադրամի հատկացրած զեղչը կգումարվի բուհերի կողմից սահմանված 30 տոկոս զեղչին (ԵՊԲՀ-ի դեպքում 40 տոկոս)՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարությունը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթական, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով ընդունել է համապատասխան որոշում: