19/10/2017 18:41
Ռուսաստանում ձերբակալել են կնոջ, ով ներկայացել է որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից
Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում ձերբակալել են կնոջ, որը ներկայացել է որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից և ցանկացողներին առաջարկել ռուսական անձնագրեր պատրաստել, փոխանցում է 1ul.ru-ն:
Այս տարվա մարտին կինն իր ծանոթի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, որը ցանկանում էր իր ընկերոջ համար ռուսական քաղաքացիություն ձևակերպել: Տղամարդու հուշումով կինը զանգահարել է տուժածին և ներկայացել որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից: Նա հայտնել է, որ իր ղեկավարը պատրաստ է երկու շաբաթվա ընթացքում անձնագիր ձևակերպել, բայց որոշակի գումարի դիմաց: Դրանից հետո նա տուժածից տարբեր գումարներ է պահանջել՝ փաստաթղթերի ձևակերպման ժամանակ իբր առաջացող խնդիրների կարգավորման համար: Ընդհանուր առմամբ, աղջիկը «դեսպանատան աշխատակցուհու» քարտին է փոխանցել 79.500 ռուբլի, բայց խոստացված անձնագիրն այդպես էլ չի ստացել:
Բոլոր բանակցությունները կանանց միջև իրականացվել են հեռախոսով: Նրանց գաղտնալսել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մարզային վարչության աշխատակիցները, որոնք ավելի վաղ տվյալներ էին ստացել անօրինական միգրացիայի կազմակերպման հետ կապված 51-ամյա կնոջ հակաիրավական գործունեության մասին: Ավելի ուշ նյութերը վերաորակվել են ՌԴ քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով՝ կապված զգալի վնասի պատճառմամբ խարդախության հետ: Կինն ավելի վաղ՝ 2014 թվականին, արդեն ենթարկվել էր քրեական պատասխանատվության անօրինական միգրացիայի կազմակերպման համար և ստացել պայմանական ժամկետ: