19/10/2017 14:21
Հայաստանի զարգացման հիմնադրամը Պորտուգալիայում պաշտոնական ներկայացուցիչ է նշանակել
Պորտուգալիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը նշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը Պորտուգալիայում։
Հայաստանի զարգացման հիմնադրամից հայտնում են, որ Վ. Մխիթարյանը միաժամանակ ղեկավարում է երկու երկրների բարեկամության միությունը, որը գործունեության մեկ տարում տարբեր միջոցառումներ է կազմակերպել՝ Պորտուգալիայի հասարակությանը ծանոթացնելով Հայաստանի և հայ ազգի նվաճումներին:
ՀԶՀ նորանշանակ պաշտոնական ներկայացուցչի դիտարկմամբ` երկու երկրների միջև գրեթե բացակայում են առևտրային հարաբերություններն այն դեպքում, որ Հայաստանը կարող է ներկայանալ որպես բիզնեսի համար գրավիչ և հուսալի երկիր: Մխիթարյանը նաև նպատակ ունի հայաստանյան արտադրողների ապրանքներն ու ծառայությունները պորտուգալախոս այլ երկրներում նույնպես ներկայացնել:
«Ես բավականին երկար ժամանակ հետևում եմ ՀԶՀ գործունեությանը և, համոզված եմ, որ կարող ենք Պորտուգալիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հնարավորություններն օգտագործել՝ առավել մեծ արդյունքների հասնելու համար»,- նշել է Պորտուգալիայում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ Վահե Մխիթարյանը։
Պորտուգալական բիզնեսին ու տնտեսությանը լավ ծանոթ Վահե Մխիթարյանը երկու երկրների գործարար շրջանակների համար համագործակցության ներուժ է տեսնում քամու և արևային էներգիայի արտադրության, գյուղատնտեսության, ձկնաբուծության, թեթև արդյունաբերության ու զբոսաշրջության ոլորտներում: