19/10/2017 11:22
Անտառամերձ համայնքների սոցիալապես խոցելի խմբերին կշարունակեն անտառի թափուկներ տրամադրել
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անտառօգտագործման ծավալների և պատասխանատվության միջոցների կատարելագործման վերաբերյալ հանձնարարական տվեց:
«Անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացման ու առկա խնդիրների լուծման վերաբերյալ տրվել էր համապատասխան հանձնարարական: Մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված ու լրամշակված հայեցակարգը կներկայացվի կառավարության աշխատակազմ»,- ասաց վարչապետը:
Նա նշեց` ուսումանասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը, մյուս կողմից վերջին տարիներին ավելի քան 3 անգամ նվազեցվել է բնափայտի մթերման օրինական ծավալները:
Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին հանձնարարեց շարունակել անտառամերձ համայնքերի բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին :
«10-օրյա ժամկետում համատեղ քննարկել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված ու օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա, իսկ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարություն ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր»,- ասաց նա:
«Մենք պետք է «Հայանտառ» ձեռնարկությունում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալիզացնենք անտառահատումները, ֆինանսական միջոցներն ուղղենք դեպի «Հայանտառ», որպեսզի հսկողությունը սահմանեն մաքսիմալ հստակ ու կոշտ»,- ասաց վարչապետը: