19/10/2017 16:30
Ձերբակալվել է հայ տաքսիստի հայրը, որը մեղադրվում է Մոսկվայում ուղևորներին թունավորելու և թալանելու համար
Մոսկվայում իրավապահները ձերբակալել են ուղևորներին թունավորող հայ տաքսիստի հորը: Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին, նրան ձերբակալել են նույն հանցագործության համար:
«Ոստիկանները ձերբակալել են ուղևորներին թունավորող տաքսիստի հորը: Տղամարդը ձերբակալվել է բջջային հեռախոս գողանալու համար, որը նա զոհից հափշտակել է նույնկերպ, ինչ նրա որդին, այսինքն՝ ուղևորի ջրի մեջ թունավոր նյութ լցնելով», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Ձերբակալության փաստը հաստատել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
Ոստիկանները պարզել են, որ գիշերը տուժածը բնակության վայր հասնելու համար նստել է անծանոթ մարդու մեքենան, որում ցանկացել է ջուր խմել, իսկ վարորդը նրան ջուր է առաջարկել: Մի քանի կում անելուց հետո, նրա ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը: Երբ տղամարդն արթնացել է, նա արդեն եղել է տանը, և հայտնաբերել է, որ իր բջջային հեռախոսը չկա:
Ինչպես պարզաբանել է տուժածը, նա ինքնուրույն է հասել բնակարան, բայց այդ պահը չի հիշում: Վնասի չափը կազմել է 35 հազար ռուբլի:
Հաղորդվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ժամանակ իրավապահները ձերբակալել են կասկածյալին, որը «եղել է հարևան երկրներից մեկի 53-ամյա բնակիչ»: Կասկածյալի բնակության վայրում խուզարկումների ժամանակ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են 20 բջջային հեռախոս, հակապսիխոտիկ դեղորայքի ավելի քան 190 հաբ, ձեռքի 98 ժամացույց:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում ձերբակալվել է 29-ամյա տաքսու վարորդ Վահագն Կարապետյանը: Նա, ինչպեսև նրա հայրը, ուղևորներին թունավոր նյութերով ջուր է տվել և նրանցից արժեքավոր նյութեր հափշտակել: Տաքսիստի գործողությունների հետևանքով մի ուղևոր մահացել է: Նրա բնակարանում նույնպես հայտնաբերվել է ավելի քան 100 ժամացույց, որոնք հափշտակվել են ուղևորներից: