19/10/2017 11:44
Իտալական տրանսպորտային տեխնիկան կշահագործվի Հայաստանում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։
Նախարարը, ողջունելով իտալացի գործարարների այցը Հայաստան, հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցություն կձևավորվի։
«Էլիտալիանա» ընկերության մասնագետները նախարարին ներկայացրին ընկերության գործունեության շրջանակները։ Նշվեց, որ այն ավելի քան 50 տարվա պատմություն ունի։
Սկզբնական շրջանում գործունեություն են ծավալել տարբեր բնագավառներում, իսկ 1980-ական թվականներից սկսած՝ մասնագիտացել են տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում: Ընդգծվեց արտադրված տեխնիկայի բարձր որակը, որը հաստատված է համապատասխան հավաստագրերով։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին իտալական տրանսպորտային տեխնիկան Հայաստանում շահագործելու հնարավորությունները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ մշակել հնարավոր համագործակցության ծրագիր և այն առավել մանրակրկիտ քննարկել հաջորդ հանդիպման ընթացքում։