20/10/2017 10:14
Կարևոր դիտարկումներ՝ Սարգսյան-Ալիև հանդիպումից. «Առավոտ»
«Առավոտ»-ը վերլուծականում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, գրել է. «Եթե փորձենք ամփոփել նախագահների՝ Վիեննայի հանդիպումից մինչև ժնևյան հանդիպում ընկած ժամանակահատվածը, կարելի է առանձնացնել մի քանի կարևոր դիտարկում.
1. Չնայած գործադրված բոլոր ջանքերին՝ Ադրբեջանին չհաջողվեց օրակարգից դուրս բերել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները,
2. Ադրբեջանը բանակցային սեղանին չկարողացավ նյութականացնել Ապրիլյան ագրեսիայի նախաձեռնելու ժամանակ ունեցած ակնկալիքները: Սարգսյանի վերջին հայտարարությունը թերևս ի չիք դարձրեց Բաքվի հույսերը, թե բռնության կամ բռնության սպառնալիքի միջոցով հնարավոր է ճնշում գործադրել հայկական կողմի վրա և զիջումներ ստանալ,
3. Համանախագահների նկատմամբ Ադրբեջանի ճնշումները (որոնք երբեմն բացահայտ շանտաժ են հիշեցնում) ևս անարդյունք են, ինչի մասին է վկայում բանակցային գործընթացի կայունությունը:
Թերևս հենց այս գործոններով է պայմանավորված, որ Բաքվից պարբերաբար լսելի են ոչ այդքան կառուցողական և շատ հաճախ անտրամաբանական հայտարարություններ, որոնք ավելի շատ ուղղված են հենց ներքին լսարանին: Վերջում պետք է նշել, որ բավական ողջունելի էր ժնևյան հանդիպման համատեքստում պաշտոնական Ստեփանակերտի պահվածքը: Հերթական անգամ բավական ճիշտ պահի Արցախի ԱԳՆ-ն հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ ներկայացնելով սեփական մոտեցումը և ընդգծելով, որ հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու միակ տարբերակն Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությունն է բանակցությունների բոլոր փուլերին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: