20/10/2017 10:48
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի նախկին նախագահի հետ
Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության միջոցառումների շրջանակում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ պրն. Յոհակիմ Գաուկի հետ, տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Վեհափառ Հայրապետն իր ուրախությունն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իր կարևոր ներդրումը բերած Գերմանիայի նախկին նախագահի հետ հանդիպման առիթով:
Նորին Սրբությունը տիար Գաուկին նաև ներկայացրել է անկախությունից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում:
Զրույցի ընթացքում ընդգծվել է քրիստոնեական արժեքների հոգևոր ու մշակութային կարևորությունը և դրանց հանդեպ հավատարմությունը հասարակությունների կյանքից ներս: