20/10/2017 13:01
Հայկական կողմը չգիտի, թե վերջին պահին ինչ վարքագիծ կդրսևորի Մոսկվան. Քաղաքագետը՝ ՀՀ-ԵՄ ստորագրվելիք ասոցացման համաձայնագի մասին
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը լիահույս չէ, որ նոյեմբերին կստորագրվի ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթուղթը:
«Հայկական կողմն ապահովագրում է իրեն ու ասում, որ փաստաթուղթը չի կնքվելու, եթե եվրոպական կողմը տեխնիկական բյուրոկրատիան ձգձգի ստորագրումը, բայց մենք հո հասկանում ենք, որ խոսքը էլեմենտար վախի մասին է, որովհետև ՌԴ-ի կողմից կարող է հնչել հրահանգ և պայմանագիրը դարձյալ հետաձգվի», - լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Դիտարկմանը՝ կա արդյեք մտավախություն, որ այս անգամ էլ Մոսկվան նույն ձեռագիրը կդրսևորի, Անուշ Սեդրակյանն ընդգծեց.
«Մենք հո՞ւյս ունենք, որ Մոսկվան համապատասխան խիղճ կունենա, թե՞ մերոնք՝ համապատասխան քաջություն: Ոչ այն է լինելու, ոչ էլ՝ այն»:
Վերջինս ընդգծեց, որ հայկական կողմը չգիտի, թե վերջին պահին ինչ վարքագիծ կդրսևորի Մոսկվան, մինդչեռ քաղաքագետի խոսքով, Մոսկվան փորձում է իջեցնել Հայաստանի վարկանիշը միջազգային ատյաններում:
«Տեսեք՝ ինչ է անում Մոսկվան. հասցնում է փաստաթղթի ստորագրման մինչև վերջին օրը, հետո կտրուկ արգելում, իսկ ինչո՞ւ դա չեն անում նախօրոք, մեկ պարզ պատճառով, որ Հայաստանի վարկանիշը միջազգային ատյաններում կտրուկ իջնի: Ստացվում է, որ դա խոսք չպահող, պայմանավորվածություն չպահող, միջազգային ցածր վարկանիշով մի պետություն է։ Եվ դա բնական է՝ ինչքան քիչ միջազգային վարկանիշ, այնքան շատ կախում Մոսկվայից», - ընդգծեց Անուշ Սեդրակյանը։