20/10/2017 17:17
Տարկետում լինելու է հանուն գիտության. Բողոքի ակցիա` ԿԳՆ դիմաց
ՀՀ բուհերի մի խումբ ուսանողներ այս պահին բողոքի ցույց են անցկացնում ՀՀ ԿԳ նախարարության դիմաց՝ բողոքելով ՊՆ կողմից առաջարկվող զինապարտության օրենքի նոր նախագծի դեմ, որով սահմանափակվում է տարկետման իրավունքը:
Ուսանողները պահանջում են ԿԳ նախարարին հանդիպել իրենց հետ և քննարկում ունենալ օրինագծի շուրջ մինչև երկուշաբթի՝ պնդելով, որ արդեն երկուշաբթի խորհրդարանում լսումներ են անկցկացվելու զինապարտության և զինծառայության մասին առաջարկվող օրենսդրական նոր կարգավորումների շուրջ:
«Տարկետում լինելու է հանուն գիտության», - բարձրաձայնում են ուսանողները:
Aysor.am-ին ԿԳ նախարարությունից փոխանցեցին, որ ուսանողներին տեղյակ են պահել՝ նախարարը իրենց կհանդիպի երկուշաբթի կամ երեքշաբթի օրը.
«Քանի որ նախարարների օրակարգը պլանավորվում է նախապես, այսօր Լևոն Մկրտչյանը չի կարող հանդիպել ուսանողներին, քանի որ այլ միջոցառման է», - ասացին նախարարության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին խորհրդարանում անցկացվել էին «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ 2018-ի հուլիսից ակադեմիական տարկետումներ այլևս չի լինելու։
Օրինագծի շուրջ լսումները կշարունակվեն երկուշաբթի օրը, հարցը կընդգրկվի հոկտեմբերի 24-ին կայանալիք ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: