20/10/2017 15:36
Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղարի անվան լսարանի բացմանը
Հոկտեմբերի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երևանի պետական համալսարան, ներկա գտնվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման արարողությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության ակունքները ևս կապված են Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան հետ, ով այդ ժամանակ գլխավորում էր այս գլոբալ կառույցը: Խորհրդանշական է, որ դրանից երկու տարի անց, Երևան իր այցելության ժամանակ, Բուտրոս Ղալին հյուրընկալվեց նաև Երևանի պետական համալսարանում։
Աշխարհաքաղաքական բեկումնային փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ միջազգային կառույցները փորձում էին արձագանքել նոր զարգացումներին և հակամարտությունների կանխարգելման ու հանգուցալուծման մեխանիզմներ ձևավորել, Բուտրոս-Ղալին առաջ քաշեց «Խաղաղության օրակարգ»-ի գաղափարը, որն անկասկած ավելի քան արդիական էր աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող հակամարտությունների համատեքստում:
Համաշխարհային պատմության տարեգրության մեջ նա կմնա որպես գործիչ, որը պատրաստ էր առճակատվել խնդիրներին, չէր խուսափում դժվարություներից՝ փորձելով լուծումներ փնտրել բազում մարտահրավերների համար։ Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ իր մանդատի սահմաններում, նա արեց իրենից կախված առավելագույնը՝ հանուն մարդկության անվտանգության, խաղաղության և բարօրության:
Հուսով եմ, որ այս լսարանում ուսանողները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և առաջնորդվելով նաև Բուտրոս Ղալիի գաղափարների ոգով՝ կծառայեն և՛ Հայրենիքին, և՛ համամարդկային արժեքների առաջմղմանը, փորձելով իրենց նպաստը բերել աշխարհում խաղաղության հաստատմանն ու կայուն զարգացմանը», - ասել է նախարարը։